Ամսագիր Ապրիլ 2015 1965-ի ռուբիկոնը

15 Ապրիլ 2015, 10:21
2601 |

1965-ի ռուբիկոնը

Այսօր բոլորիս բնական է թվում այն, որ Երևանում կա Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան ու հուշարձան, որ այդ դեպքերի մասին հազարավոր գրքեր են գրվել ու տասնյակ ֆիլմեր նկարահանվել, որ այդ թեմային անընդհատ անդրադառնում են թերթերն ու հեռուստատեսությունը: Բայց Մեծ եղեռնից հետո շուրջ հիսուն տարի իրավիճակը բոլորովին այլ էր: Ինչպես ամեն ինչ փոխվեց ողբերգության 50-ամյա տարելիցին:

Շուրջ կես դար առաջ՝ 1965-ի ապրիլի 24-ին, բացվեց հայոց նորագույն պատմության շրջադարձային էջը. ազգի մեծագույն ողբերգությունը վերջապես դադարեց լինել արգելված հարց: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Ինչո՞ւ լռության տասնյակ տարիներից հետո առաջին անգամ պետական մակարդակով նշվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ու սկսվեց հուշահամալիրի կառուցումը:

Ոմանք պատճառը տեսնում են «կլոր» թվի մեջ. 1965-ին լրացավ ողբերգական դեպքերի 50 տարին: Բայց չէ՞ որ դրանից առաջ եղել էր քառասնամյակ, երեսնամյակ, իսկ հարցը մնացել էր արգելված: Հետ նայելով՝ հիմա կարելի է երկու հիմնական պատճառ նշել. առաջինը հայկական սփյուռքի միավորումն էր: Սփյուռքը, որի միջուկը հայ փախստականների երկրորդ սերունդն էր, որ կրթություն էր ստացել, քաջ գիտակցում էր իր իրավունքներն ու հանցագործության միջազգային ճանաչում ու դատապարտում պահանջում: Երկրորդը. Ստալինից հետո խորհրդային վարչակարգը քիչ թե շատ մեղմացավ, ու սկսվեց կարճատև շրջան, որին այն ժամանակ տվեցին «խրուշչովյան ձնհալ» պատկերավոր անվանումը, առաջացավ «հնարավորությունների պատուհանը»: Բայց բոլոր այս նախադրյալներն անօգուտ կլինեին, եթե «ճիշտ տեղում ու ճիշտ պահին» չհայտնվեր նախաձեռնության կարևորագույն խնդիրը ստանձնող մարդը:

Խոսքն այդ տարիներին Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ու գործնականում Հայաստանի ղեկավար Յակով Նիկիտայի Զարոբյանի մասին է: Եթե նա վճռական քայլեր չձեռնարկեր ողբերգական դեպքերի հիշատակին նվիրված միջոցառումները կազմակերպելու համար ու ձևական մոտեցում որդեգրեր, ամենայն հավանականությամբ «հնարավորությունների պատուհանը» առնվազն 25 տարի էլ փակված կմնար:

***

Զարոբյանի նպատակներն այն տարիների աներևակայելի էին, քանի որ առնչվում էին ԽՍՀՄ արտաքին քաղաքականությանն ու գաղափարախոսությանը: Պետք էր դուրս գալ միութենական հանրապետության կենտկոմի առաջին քարտուղարի իրավասությունների սահմաններից: Ավելին՝ Մոսկվային նման հարց ներկայացնելը Յակով Զարոբյանի համար կարող էր ունենալ շատ տհաճ հետևանքներ, վտանգել կարյերան ու անթերի ծառայողական ցուցակը: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահության շատ անդամներ թերահավատությամբ ու զգուշավորությամբ էին մոտենում Ցեղասպանության օրվա առթիվ անցկացնելիք պաշտոնական միջոցառումներին, վախենում էին պատահարներից ու Մոսկվայի պատժամիջոցներից, քանի որ լավ էին գիտակցում, որ զարգացումները կարող են հեշտությամբ անկառավարելի դառնալ:

Հարկ է նշել, որ Ցեղասպանության 50-ամյակը նշելու որոշումը ոչ թե հայրենասիրության եզակի պոռթկում էր, այլ Զարոբյանի ընդհանուր քաղաքականության մի մասը՝ 60-ականների սկզբի Հայկական ՍՍՀ-ի քաղաքականության, որը միտված էր ամրապնդել մշակութային ինքնությունն ու վերականգնել հայ ազգի միասնությունը: Երեսուն տարի էր, ինչ Հայկական ՍՍՀ ու սփյուռքի միջև խզվել էին քաղաքական ու մշակութային կապերը. Զարոբյանի արածը մեկուսացման այս պատնեշը հաղթահարելու ճանապարհին թերևս ամենանշանակալի քայլն էր: Պետք է նաև հաշվի առնել, որ նրա համար 1915-ի դեպքերը վերացական հարց չէին. Ցեղասպանության ժամանակ ընտանիքը գաղթել էր Արդվինից ու երկար տարիներ ապրել դեգերումների մեջ: Զարոբյանը մանկության ու պատանեկության տարիները անցկացրել էր զրկանքների մեջ: Հայրն ու ավագ եղբայրն էլ մահացել էին՝ չդիմանալով կյանքի ծանր պայմաններին…

1964-ի գարնանը նա, անսալով թերահավատներին, սկսեց Ցեղասպանության օրվա նախապատրաստությունները:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով